Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Նախ կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է ԵԱՏՄ անդամ երկրների միջկառավարական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով: ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները քննարկել են ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին, մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության ապահովմանը, ծառայությունների միասնական շուկայի ձեւավորմանը, արտասահմանյան երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայկական կողմն աջակցում է նիստում ներառված եւ համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունմանը, որոնք ընդգրկում են ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է այն քայլերը, որոնք ուղղված են արդյունաբերական համագործակցության ընդլայնմանը եւ խորացմանը ԵԱՏՄ շրջանակներում: Ընդգծելով Հայաստանի հարուստ փորձն ու մասնագիտացումը՝ ՀՀ վարչապետը նշել է հայկական կողմի պատրաստակամությունը Եվրասիական ինժեներական կենտրոնի համար հարթակ տրամադրելու հարցում: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է մակրոտնտեսական եւ դրամավարկային քաղաքականության իրականացման գործում փոխհամաձայնեցված փորձի փոխանակումը:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ի՝ Եվրոպական միության հետ համագործակցության կարեւորությանը, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հաշվի առնելով Եվրոպական միության հետ առեւտրատնտեսական հարցերով բանակցությունների կուտակած փորձը, Հայաստանը պատրաստակամ է աջակցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ԵՄ-ի հետ համապատասխան երկխոսության ձեւավորմանը, ինչը կնպաստի ինտեգրացիոն գործընթացների զարգացման փոխշահավետության եւ փոխլրացնող սկզբունքի ապահովմանը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով որոշվել է հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում:
Նիստի վերջում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները ստորագրել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք սահմանում են փոխգործակցությունը մտավոր սեփականության, որոշ ապրանքների դրոշմավորման համակարգի ներմուծման, ծառայությունների ընդհանուր շուկայի ձեւավորման եւ այլ հարցերում:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո վարչապետները մասնակցել են «RFID» տեխնոլոգիաների ցուցադրությանը, այցելել «Կորոբչիցի» ագրոտուրիստական համալիր: